Ներկայացնում ենք հարցազրույց «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից Եվա Եգանյանի հետ, ով պատմում է իր այժմյան գործունեության, երգչուհու և ստեղծագործողի ապագայի մասին:

Ունես կոմպոզիտորի մասնագիտություն, սակայն լուրջ քայլեր ես անում ժողովրդական երգի ասպարեզում, ժանրը հոգեհարազատ է, թե՞...

- Այո, ես ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Ունեմ բազմաթիվ ստեղծագործություններ և այժմ էլ ստեղծագործում եմ, սակայն երգում եմ մանկուց: Սկզբում դասական, հետո էստրադային, ավելի ուշ` ժողովրդական:

Ժանրը շատ հարազատ է ինձ: Ես հայ եմ և իմ արյան մեջ հայկական մաքրամաքուր երաժշտությունն է:

Սկսեցիր ժող. երգիչ նախագծից, բայց վերջին շրջանում բավականին ակտիվ ես որպես անհատ կատարող, անընդհատ ներկայանում ես նոր տեսահոլովակներով:

- «Ժողովրդական երգիչ» նախագիծը հիմքն էր իմ մեծ բեմի, լայն լսարանի, սակայն չեմ սահմանափակվել միայն դրանով: Նախագծից հետո մասնակցել եմ շատ համերգների թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: 2013 թվականից աշխատանքի եմ անցել «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում» որպես մեներգչուհի: Այժմ իմ 3 տեսահոլովակների կողքին ավելացել է նաև 1-ը Շերամի` «Սերից էրված» երգը, որի տեսահոլովակի պրեմիերան կկայանա նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին 21 TV հեռուստաընկերությամբ:

Ո՞ւմ հետ ես համագործակցում: Պարտադի՞ր է, որ գործընկերներդ հայտնի մասնագետներ լինեն:

- Կարևոր չէ հայտնիությունը, կարևորը պրոֆեսիոնալիզմն է, իսկ իմ կողքին և հայտնիներ, և պրոֆոսիոնալներ են միշտ լինում: Երգս գործիքավորել է Խաչիկ Սահակյանը: Նվագել են պրոֆեսիոնալ երաժիշտներ, իսկ երգչախմբի հատվածում երգել են պրոֆեսիոնալ երգիչներ: Երգն ի սկզբանե նախատեսված էր տեղ գտնելու իմ ձայնասկավառակի մեջ, բայց երգի վերջնական տարբերակը լսելուն պես որոշեցի որ անպայման նկարահանվի տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորն է Վասիլ Շահբազյանը: Շնորհակալ եմ այն մեծ թիմին, որի հետ ես աշխատեցի:

- Նկատել եմ, որ երգերդ ներկայացնում ես ժամանակակից գործիքավերմամբ, ենթադրում եմ դա հատուկ ես անում, որպեսզի երկտասարդությանը ավելի լսելի լինի:

Բոլոր երգերը չեն, որ թույլ են տալիս գործիքավորել ժամանակակից մոտեցմամբ: Կան երգեր, որոնք պետք է ուղղորդվեն միայն ժողովրդական նվագարանների ուղեկցությամբ: Բայց նաև կան երգեր որոնք հնարավորություն են տալիս գործիքավորել նորովի, ժամանակակից մոտեցմամբ` չդիպչելով, չաղավաղելով երգի բուն մեղեդին:

- Առայժմ սահմանափակվում ես միա՞յն տեսահոլովակներով, թե նաև հանդես ես գալիս համերգային ծրագրերով:

Երբեք չեմ սահմանափակվել կամ սահմանափակվի որևէ նոր աշխատանքով: Առաջիկայում կան համերգներ, կթողարկվի իմ 1-ին ձայնասկավառակը, կան պլաններ կապված նաև նոր տեսահոլովակի հետ: Անպայման կունենամ մենահամերգ, սակայն կոնկրետ ժամկետ չեմ ուզում նշել: