Դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում համարվում է ՁԻԱՀ-ի միջազգային օր: Եկրագնդի ամենատարբեր ծայրերում միջոցառումներ են կազմակերպվում ՁԻԱՀ-ով հիվանդներին օգնելու և այդ չարաբաստիկ հիվանդությունը կանխարգելելու համար:
Yerevannews.am-ի զրուցակիցն այս անգամ ճանաչված դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է, ով միանում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին և կոչ է անում հետևել միջոցառումներին՝ տեղեկացված լինելու և դժոխային հիվանդության վարակից զերծ մնալու համար:
«Նախ պետք է հասարակությունը հասկանա, որտեղից է առաջանում ՁԻԱՀ-ը:

Այսինքն, տեղեկացված լինի և կարողանա պաշտպանվել: Հասարակության կարևորագույն խնդիրը տվյալ հարցի շուրջ անտարբերությունն է: Դրա համար էլ մարդիկ իրենց մեջ պետք է ջարդեն այդ հիվանդությամբ տառապողներին խեթ նայելու կարծրատիպը՝ գիտակցելով, որ նրանք մեր կարիքն ունեն: Առհասարակ հասարակությունը սովոր է հաշվանդամներին, մուրացկաններին, թեկուզ հենց ՁԻԱՀ-ով տառապողներին այլ կերպ նայել՝ առանձնացնելով մյուսների շարքերից, բայց դա ճիշտ չէ, նրանք մեր կարիքն ունեն ու պետք չէ մեկուսացնել նրանց՝ դարձնելով փոքրամասնություն»: