Ամենաերաժշտական հաղորդավար Կարեն Մոլիտվինն իր գործունեությունը սկսել է Երգի պետական թատրոնից: Ծառայությունից նոր էր վերադարձել,երբ հայտնվեց 21tv երաժշտական հեռուստաալիքում, իր իսկ խոսքերով իսկական հայ «քյարթու» երիտասարդ էր, բայց «21tv» երաժշտական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի ջանքերի շնորհիվ այսօր մեր հեռուստաեթերում մենք տեսնում ենք ամենաերաժշտական և ուրախ  Iզանգ հաղորդաշարի հաղորդավար Կարենին: Կարենն այսօր ամուսնացած է, ունի փոքրիկ հրաշք և պատրաստվում է Նոր տարին դիմավորել իր ընտանիքի հետ:

Կարեն, հավատու՞մ ես Ձմեռ պապիկին

Իհարկե, հավատում եմ: Ես ու աղջիկս ամեն տարի նամակ ենք գրում Ձմեռ պապիկին, ամբողջ ընտանիքով զարդարում ենք տոնածառը  և հավատով սպասում ենք մեր նվերներին և այդ գիշերվա հրաշքներին:

Ո՞րն է քո ամենասիրելի ամանորյա կերակուրը

Լոբիով պաշտետը և ոչ միայն ամանորին, այլ առհասարակ, ես շատ եմ սիրում այդ կերակրատեսակը։

 Օգնու՞մ ես կնոջդ այդ օրերին

Քանի որ մենք առանձին ենք ապրում և ունենք փոքրիկ չարաճճի բալիկ, ես փորձում եմ նրան օգնել ցանկացած ժամանակ, իսկ Նոր տարուն հիմանականում ինձ բաժին է հասնում կտրատելու «բարդ» գործընթացը:

 Հենց քեզ համար ամեն տարի տոնածառի տակ նվեր գտնու՞մ ես

Այո՛, կինս ամեն տարի ինձ համար պատրաստում է նվեր և առհասարակ իմ բախտն այդ հարցում իսկապես բերել է, կինս միշտ ինձ զարմացնում է իր ամենաանկանխատեսելի անակնկալներով:

Իսկ դու անակնկալներ մատուցու՞մ ես կնոջդ

Բա դա հա՞րց է, իհարկե, ուղղակի իմ անակնկալներն ու նվերները տարբերվում են նրանով, որ գրեթե միշտ առանց առիթի են:

Այս տարի Ձմեռ պապիկը կգա՞ ձեր տուն

Եթե բոլոր վարկերն ու ապառիկները վճարած լինեմ՝ անպայման կգա։