Բազմաթիվ հեռուստանախագծերից հայտնի, Դրամատիկական թատրոնի դերասանուհի, հմայիչ, կանացի, ոչ ստանդարտ հայկական արտաքինով, խարիզմատիկ Ալիս Մելիքսեթյանը << Վերջին Հայրիկը>> հեռուստանովելում մարմնավորում է լրագրող Սառայի կերպարը:
_ Հեռուստադիտողը Ձեզ ճանաչում է ավելի բարի, նուրբ, <<դրական>> կերպարներ ներկայացնելիս: Ով է Սառան, և ինչպես համաձայնեցիք այսպիսի համարձակ կերպար մարմնավորել:

- Սառան, այո համարձակ, նպատակասլաց, իր ուզածին ամեն գնով հասնող, վրեժխնդիր աղջիկ է, ով ունի իր անձնական և ներանձնական դրդապատճառները: Նա պայքարում է իր ճշտի, արդարության համար, թեև երբեմն սխալ պահվածք է ցուցաբերում , սակայն կարողանում է հետո հասկանալ սխալը և փորձում է շտկել այն:
Երբ Անահիտ Մխիթարյանը` սերիալի պրոդյուսեր և սցենարիստ, ներկայացրեց ինձ այս կերպարը, ես սիրով համաձայնվեցի, քանի որ հայկական հեռուստատեսությունը շատ փոքր է և սահմանափակ, և հաճախ դերասանը չի կարողանում ունենալ իր դիլեմման: Եթե որև է նախագծում հանդես է եկել այսինչ կեպարով, ապա անպայման պետք է հրավիրեն այդ կերպարով, հարկավոր է սպասել, թե հաջորդ անգամ մեկ էլ երբ նմանատիպ կերպար կլինի… Ես դերասան գիտեմ , որ ոչ ոք չգիտե, որ նա դերասան է, հեռուստադիտողը նրան ճանաչում է որպես բժիշկ կամ ասենք` սիրուհի...
- Ինչ է Ձեզ համար դերասանի մասնագիտությունը:

_ Դերասանությունը, դա մասնագիտություն չէ, այլ բնավորություն է: Կյանք է` կյանքի մեջ, տիեզերք` տիեզերքի մեջ, չունի սկիզբ ու վերջ, չգիտես երբ ես դու սկսնակ, երբ վարպետ: Եվ ի վերջո վարպետ դառնում ես, թե ոչ, թե միայն ձեռք ես բերում վարպետություն…
- Ինչն եք ամենից առաջ կարևորում և գնահատում մարդկային հարաբերություններում:
-Անկեղծությունը: Սրանից են բխում մյուս բոլոր ռեսուրսները: Նվիրումը, և մարդու հետ շփվել հանուն մարդու, ոչ թե ընդդեմ` մենակության կամ ներանձնական շահի:
Լավ մարդուց, լավ բան չկա աշխարհում: Միայն սիրելի, հարազատ ձայնը, շարժուձևը, քննադատությունը, ջերմությունը, ըմբռնումը կարող է քեզ հազարավոր մղոններ առաջ մղել կամ դրա բացակայությունը` զրկել կես քայլ առաջ անելուց: Իսկ երբ ամենահարազատ մարդն է կարողանում քո նկատմամբ սխալ թույլ տալ, ես միշտ պատրաստակամ եմ այդ սխալը հասկանալու: Մենք ներելու և չներելու իրավունք չունենք, մարդ է` սխալվել է, երբեք չեմ ասում, թե սխալվել է իմ նկատմամբ, այլ սխալվել է իր նկատմամբ:

- Կարծում եմ ծանոթ և անծանոթ երկրպագուները Ձեզ հաճախ են անհանգստացնում: Ինչն եք կարևորում տղամարդու մեջ, և արդյոք ազատ է Ձեր սիրտը:

- Այնքան էլ հաճախ չէ..(ժպտում է): Տղամարդու մեջ նկատում և կարևորում եմ այն առնականությունը, որով որ ես կանացի եմ դառնում նրա կողքին, որքան բարձր է նրա առնականության կամերտոնը, այնքան համարժեք է դառնում իմ կանացիությունը:
Իմ սիրտը երբեք ազատ չէ: Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ սիրել…