Արդեն 3-րդ տարին անընդմեջ բարդ մշակույթը Հայաստանում նոր երանգ է ստանում՝ շնորհիվ «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնի, որն իրականացվում է «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման և «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից։
Փառատոնի իրականացման առանցքային նպատակը ոչ միայն երիտասարդ հեղինակ-կատարողների բացահայտումն է, նրանց ստեղծագործական գործունեությունը խթանելը և բեմ տրամադրելը, այլև մշակութային միջավայր ստեղծելը, հեղինակ-կատարողների ու հեղինակային երգի սիրահարների միջև անմիջական շփում ապահովելը:
Այս տարի փառատոնն ընդգրկում է միջազգային շրջանակներ. հայ անվանի հեղինակ-կատարողներից և բարդ ժանրում սկսնակ ստեղծագործողներից (նոր սերունդ) բացի՝ «Հուսո առագաստ-2017»-ին մասնակից են երկու տասնյակից ավելի հեղինակ-կատարողներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից։
Այս տարի փառատոնն իրականացվելու է հուլիսի 14-16-ը (3 օր) Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի «Վիշապ» լողափում։
Բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են բարդ ժանրում, կարող են լրացնել օնլայն հայտը և մասնակցել «Հուսո առագաստ-2017»-ին՝ «Լավագույն տասնյակ» անվանակարգում ընդգրկվելու հավակնությամբ։
Փառատոնն ընթանում է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ։ 1-ին փուլում կազմակերպվում են լսումներ Երևանում՝ հայտատու հեղինակ-կատարողների անմիջական մասնակցությամբ։ Ժյուրին ընտրում է նորանուն հեղինակ-կատարողների լավագույն տասնյակ, որն էլ հանդես է գալիս 2-րդ՝ եզրափակիչ փուլում։ Փառատոնն ամփոփվում է անվանակարգեր շնորհող հավաստագրերի, շնորհակալագրերի, նվերների հանձնման արարողությամբ և բարդ ժանրի մի քանի սերունդների մասնակցությամբ մեծ գալա համերգով։