«Ուզում էինք՝ Քիմը եւս մեկ անգամ խոսեր հայերի մասին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անժել Աթոյանը, որն ամուսնու՝ Ռոբերտ Չախալյանի հետ, օրեր առաջ կոկորդիլոսի կաշվից կոշիկներ էր նվիրել Քիմ Քարդաշյանին:

Հայտնի հայուհին, ի նշան երախտագիտության՝ իր Snapchat-ի հետեւորդների հետ կիսվել էր նվերով.
«Այս կոշիկները հիասքանչ են: Այսօր փոստով դրանք ստացա հայ դիզայներներից՝ որպես նվեր: Հրաշալի են: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ հագնելու»,- ասել էր Քիմը:

Մեզ հետ զրույցում Անժելն ասաց, որ ընտանիքով վերջերս են տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այստեղ՝ Հայաստանում, նրանք կոշիկի արտադրություն ունեն, ցանկանում են բիզնեսը զարգացնել նաեւ ԱՄՆ-ում: Ասում է՝ Քիմ Քարդաշյանին կոշիկ նվիրելիս իրենց ընկերությունը գովազդելու միտում չեն ունեցել.
«Քանի որ Քիմն ամենահայտնի հայուհիներից է, ունի միլիոնավոր հետեւորդներ, ուզում էինք՝ Քիմը եւս մեկ անգամ խոսեր հայերի մասին: Մենք հատուկ չէինք նշել մեր կոշիկի ապրանքանիշը, որպեսզի գովազդ չարվի: Սա ավելի շատ փիառ էր ամբողջ հայերիս համար»,- ասաց Անժելը:

Ինչպե՞ս են ուղարկել նվերը Քարդաշյանին. Անժելը խոստովանում է՝ օգնել է հայկական ավանդական «խնամի-ծանոթ-բարեկամ» համակարգը:
«Նրան շատ դժվար է ինչ-որ բան փոխանցելը: Մենեջերն ընդհանրապես հրաժարվում է որեւէ բան վերցնել: Նրա տուն ուղարկել որեւէ բան նույնպես անհնար է, քանի որ նա սահմանափակված ելումուտով թաղամասում է բնակվում, եւ այնտեղ մտնել չես կարող»,- նշեց Անժել Աթոյանը:

Կոշիկների մեջ դաջված է «Հատուկ Քիմ Քարդաշյանի համար» գրությունը: Աշխարհահռչակ հայուհուն նվերը մատուցել են հայկական տարազի նախշով գործվածքով: Յուրաքանչյուր ոտքի կոշիկի համար մեկական կոկորդիլոս է «զոհ» գնացել, այսինքն՝ երկու կոկորդիլոս՝ մեկ զույգ կոշիկի համար:
«Ամբողջովին ձեռքի աշխատանք է, որի համար ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Անդրեաս Քալանթարին: Կոշիկները 37 համարի են, արժեքը՝ 2000 դոլար», - ընդգծեց զրուցակիցս՝ հավելելով, որ, տեսնելով Քարդաշյանի արձագանքը, երկրորդ զույգ կոշիկն են պատրաստում, բայց թե ում են նվիրելու այն, չցանկացավ դեռ բարձրաձայնել:

 Նյութի աղբյուրը` NEWS.am