Տաքսու վարորդը դժգոհ տեսք ուներ, քթի տակ ինչ-որ բան էր փնթփնթում։ Քաղաքավարությունից դրդված կեսբերան հարցրեցի՝ հո տուգանք չե՞ք ստացել, ինչի՞ եք սենց դժգոհ։ Այսքանը բավական էր, որ մի ցնցող պատմություն լսեի տարեց վարորդից․ «Այ աղջիկ ջան, էս ինչքան է բարոյականություն ընկել, էս ո՜ւր ենք հասել։ Քիչ առաջ երկու երիտասարդ աղջիկ նստեցին մեքենաս։ Մի ջահել տղա էլ ուղեկցում էր՝ նստեցրեց, վերջում էլ մեքենայիս դուռն ուժեղ շրխկացրեց։ Մտածեցի՝ տղա ա էլի, ով գիտի ներվայնացած ա, աղջկերքը մերժել են կամ տենց մի բան։

Նստեցին ու պարսիկների գիշերային ակումբի հասցեն ասացին, որ տանեմ։ Մի 5 րոպեից աղջկերքից մեկի հեռախոսը զնգաց։ Սա վերցրեց խոսեց, անջատեց ու ընկերուհու հարցին, թե ով էր, ինչ էր ասում, պատմեց․ «Կեսուրս էր, հարցրեց՝ մարդդ շատ էր ջղայնացա՞ծ։ Ասեցի՝ հա, նստացրեց մեզ տաքսի ու մեքենայի դուռը նենց խփեց, քիչ էր մնում պոկվեր տեղից»։

Ընկերուհին հարցրեց՝ բա կեսուրդ ինչ ասեց։ «Կեսուրս ասեց՝ ոչինչ, փողը կբերես, կհանգստանա, հանգիստ գնացեք ձեր գործին»։ Պատկերացնո՞ւմ ես՝ ուր ենք հասել, որ ամուսինը կնոջն ուղարկում է փող աշխատելու, դե, պարսիկների ակումբում ոնց պետք ա փող աշխատի, պարզ ա, չէ՞։ Ու էդ մասին տեղյակ է նաեւ կեսուրը։ Ջահել հարսի մարմնի հաշվին սաղ ընտանիքով ապրում են։ Բայց ես էդ ընտանիքին չեմ մեղադրում։ Մեղավորը էս վիճակն է՝ մարդիկ աշխատանք չունեն։ Ինչի՞ չպիտի ջահել տղեն գործ ունենա, կարողանա մորն էլ պահել, կնկան էլ, որ դիմեն էդ ստոր, զզվելի միջոցներին»։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am