Post Office Travel Money ֆինանսական ընկերությունը հրապարակել է այս գարնանը հանգիստն անցկացնելու համար ամենաԷժան եվրոպական քաղաքների ցուցակը, որում առաջին տեղն զբաղեցրել է Լեհաստանի Կրակով քաղաքը:

Այդ մասին հայտնել է The Independent բրիտանական թերթը: Հրատարակության տվյալներով՝ ցուցակը կազմվել է Եվրոպայի 36 քաղաքներում զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող տարբեր ծառայությունների ու ապրանքների գների վերլուծման միջոցով: Այսպես, օրինակ, հաշվի են առնվել մեկ բաժակ սուրճի, մեկ շիշ գարեջրի, երկու հոգու համար համալիր ճաշի, հասարակական տրանսպորտով երթեւեկության, ինչպես նաեւ երեքաստղանի հյուրանոցում երկօրյա կեցության արժեքը: Այդ կերպ հաջողվել է հաշվարկել այն մոտավոր գումարը, որն անհրաժեշտ է այդ 36 քաղաքներից մեկում տոնական ուիքենդն անցկացնելու համար:

Ինչպես պարզվել է, հանգստյան օրերն զբոսաշրջիկների վրա ամենից էժան կնստեն Կրակովում եւ միջին հաշվով կարժենան 164 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 230 դոլար): Ցուցակի երկրորդ տեղը գրավել է Վիլնյուսը, Լիտվայի մայրաքաղաքում հանգիստն անցկացնել ցանկացողներին հարկ կլինի վճարել 165 ֆունտ ստեռլինգ:

Առաջատարների եռյակը եզրափակում է Ռիգան. այնտեղ հանգստյան օրերն անցկացնելու համար կպահանջվի 172 ֆունտ: Բացի այդ, հրապարակված վարկանիշում տեղ են գտել Վարշավան, Պրահան, Աթենքը, ինչպես նաեւ Մոսկվան, որն զբաղեցրել է վեցերորդ տեղը: Ինչպես նշում են ամենամյա վարկանիշի հեղինակները, միջոցների խնայողության նպատակով ավելի լավ է հանգիստն անցկացնել Արեւելյան Եվրոպայի քաղաքներում: