Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակոցից մահացած պայմանագրային զինծառայող, Կողբի բնակիչ 28-ամյա Մուշեղ Աբովյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, նրան կհուղարկավորեն հայրենի գյուղում: Այս մասին հայտնել է Կողբ գյուղի բնակիչ, նախկին գյուղապետ Արամայիս Աբովյանը:

Նա պատմեց, որ Մուշեղը տան միակ արու զավակն էր, ամուսնացած չէր, ունի 2 քույր, ընտանիքն էլ սոցիալապես անապահով վիճակում է. «Մուշեղի հայրն անտառապահ է, մայրը չի աշխատում, ինքն էլ ծառայությունից հետո պայմանագրային զինծառայող էր աշխատում, որ ընտանիքը պահեր: Շատ լավ, բարի, համեստ երեխա էր, շատ ենք ցավում կատարվածի համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: