Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդիպել է խորվաթ լեգենդար հարձակվող Դավոր Շուկերի հետ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

53-ամյա Շուկերը 1991-1996 թվականներին խաղացել է «Սևիլիայում», որի գլխավոր մարզիչի պաշտոնը Խոակին Կապառոսը զբաղեցրել է 2000-2005-ը: Դավոր Շուկերը Խորվաթիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է 45 գոլով:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարներ՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ այդ խաղից 4 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ