Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Երևանում տեղի ունեցած ասուլիսում ազգային թիմի կազմը հրապարակելուց հետո պատասխանել է հայ լրագրողների հարցերին: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով իսպանացի մասնագետն առաջին անգամ է հանդիպել հայ լրագրողների հետ:

«Շատ հաճելի է գտնվել այս սրահում, որը մարդաշատ է: Կարծում եմ՝ արդեն սկսվում է կյանքի նորմալ ընթացքը: Ֆուտբոլը, որը մեր կյանքի ու մասնագիտության մի մասն է, ունի ձեր ու երկրպագուների կարիքը:

Ինչ վերաբերում է կազմին, այս ցուցակում ընդգրկված ֆուտբոլիստներն ապագայի համար չեն, աջևում ունենք շատ կարևոր խաղեր: Ցուցակը կազմելիս չենք նայել ո՛չ վերև, ո՛չ ներքև, այլ կենտրոնացել ենք այս խաղերի վրա:

Բրիասկո Բալեկյանի բացակայությունը պայմանավորված է կորոնավիրուսային սահմանափակումներով, քանի որ Արգենտինա վերադառնալուց հետո նա պետք է 2 շաբաթով ինքնամեկուսանար:

Առաջիկա խաղերի մասին կասեմ, որ Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումը շատ հեռու է այս պահին, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած ենք մակեդոնացիների դեմ խաղի վրա: Գերմանիայի հավաքականը շատ ուժեղ է ու համալրված է բարձրակարգ խաղացողներով, իսկ մարզիչն ունի ընտրության լայն հնարավորություն:

Հաշվի առնելով Հենրիխ Մխիթարյանի որակները՝ նա կարող է խաղալ տարբեր դիրքերում:

«Կադիսի» նախագահն ու ակումբի աշխատակիցները շատ գոհ են Վարազդատ Հարոյանից ու նրա դրսևորած պրոֆեսիոնալիզմից: Վարազդատը կարողանում է հարմարվել իսպանական ֆուտբոլիսն, ինչը հեշտ գործ չէ: Նա մեզ ասաց, որ շատ գոհ է ամեն ինչից: Դա շատ լավ է հայկական ֆուտբոլի համար: Հուսանք, որ ապագայում կհայտնվեն երիտասարդ հայ ֆուտբոլիստներ, որոնք կխաղան եվրոպական առաջատար առաջնություններում: Մենք ունենք այլ ֆուտբոլիստներ, որոնք ևս կարող էին հայտնվել իսպանական ֆուտբոլում, սակայն վերջում չստացվեց:

Դավիթ Յուրչենկոյի վնասվածքի մասին կասեմ, որ նա բժիշկների վերահսկողության տակ է, պետք է սպասենք: Բնականաբար, ֆուտբոլիստը պետք է 100 տոկոսով պատրաստ լինի, որպեսզի կարողանանք հույսեր կապել նրա հետ:

Ժիրայր Շաղոյանն ունի խաղային պրակտիկայի պակաս, բայց այս կազմի մեծ մասն այդ առումով խնդիր չունի: Ես մեծ ուշադրություն եմ դարձրել այդ հարցին, քանի որ ֆուտբոլիստը միշտ պետք է գտնվի խաղային ռիթմի մեջ: Սակայն կան խաղացողներ, որոնց դեպքում կարող ենք անել բացառություն: Շաղոյանն այդպիսի խաղացողներից է:

Մենք վաղուց էինք հետևում Էրիկ Վարդանյանին և պատահական չէ, որ նա հրավիրվել է հավաքական: Դեռ նախորդ մրցաշրջանից էինք հետևում Հրայր Մկոյանին, նա անցկացրել է շատ հանդիպումներ: Մենք ուշադրություն չենք դարձնում տարիքին: Առաջին խաղում ունենք մեծ կորուստ՝ Վարազդատ Հարոյանի բացակայությունը: Մկոյանը կարող է շատ հաջող փոխարինել Հարոյանին: Հրայրն իր ցուցադրած վիճակագրությամբ արժանացել է հավաքական հրավիրվելուն:

Հայաստանի առաջնությունը բավարարվածություն է տալիս ինձ այս պահին, քանի որ նվազագույնը 6 հայ ֆուտբոլիստ դաշտում տեսնում եմ խաղի ընթացքում: Երբ մենք առաջին անգամ ժամանեցինք Հայաստան, խաղադաշտում չէինք տեսնում հայ ֆուտբոլիստների: Կարծում եմ՝ պետք չէ բավարարվել այս ամենով: Պետք է հասնենք այն օրվան, երբ խաղադաշտում կտեսնենք ամենաշատը 2-3 լեգեոնականներ: Այդ պարագայում մենք ավելի մեծ ընտրության հնարավորություն կունենանք ազգային հավաքականի համար:

Ցավալի է, երբ տրիբունաները լինում են դատարկ, քանի որ ֆուտբոլի ոգին երկրպագուներն են»,- նշել է իսպանացի մասնագետը:

Հայաստանի հավաքականն օգոստոսի 29-ից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կսկսի պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա հանդիպումներին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:

Հայաստանի հավաքականի կազմը

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու»):

Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»), Կամո Հովհաննիսյան («Կայրաթ»), Վարազդատ Հարոյան («Կադիս»), Անդրե Կալիսիր («Սիլկեբորգ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հրայր Մկոյան («Արարատ»), Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Տիգրան Բարսեղյան («Աստանա»), Դավիթ Դավիդյան («Խիմկի»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան, («Ժիլինա») Խորեն Բայրամյան («Ռոստով»), Սոլոմոն Ուդո («Ատիրաու»), Էդաուրդ Սպերցյան («Կրասնոդար»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Արշակ Կորյան («Օրենբուրգ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա»):

Հարձակվողներ. Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Կարապետյան («Նոա»), Իշխան Գելոյան («Բալտիկա»):