Ինձ համար մեծ պատիվ է ամեն հաղթանակից հետո պարզել Հայաստանի դրոշը: Մարտի 19-ին առաջին անգամ ռինգում ինձ ներկայացնելու են միայն Հայաստանից, ինչի համար շատ ուրախ եմ: Բոլոր հաղթանակներս նվիրում եմ իմ երկրին, ազգին, սահմանին կանգնած զինվորներին, պատերազմում զոհված տղաներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Անգլիայից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի եվրոպական միության (EBU) վարկածով Եվրոպայի քառակի եւ գործող չեմպիոն, WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը:


Միջին քաշային (66 կգ) կարգում հանդես եկող 33-ամյա բռնցքամարտիկը մարտի 19-ին 5-րդ անգամ կպաշտպանի EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մրցակիցը ֆին Օսկարի Մեցն է (15-0-0):

Անգլիական Queensberry Promotions-ը ներկայացնող Դավիթ Ավանեսյանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 28 հաղթանակ (15 նոկաուտ), կրել 3 պարտություն, 1 մենամարտ ավարտել ոչ ոքի։ 2015-2017 թվականներին եղել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն։ Առաջիկա մենամարտը ռուսաստանցի բռնցքամարտիկի համար խորհրդանշական է՝ 33 տարեկանում 33-րդ մենամարտն է լինելու պրոֆեսիոնալ ռինգում: