Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Սլովակիայի չեմպիոն «Սլովանից» կրած պարտությունը Եվրոպայի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի արտագնա խաղում։

«Փյունիկը» Բրատիսլավայում «Սլովանին» պարտվել էր 1:2 հաշվով։ 64-րդ րոպեին խաղի հաշիվը 11-մետրանոցից բացեց «Փյունիկի» մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը։


«Սլովանը» 84-րդ եւ 85-րդ րոպեներին երկու գոլ խփեց եւ հասավ հաղթանակի։ Աչքի ընկան վրացի պաշտպան Գուրամ Կաշիան ու վենեսուելացի հարձակվող Էրիկ Ռամիրեսը։

«Շնորհավորում եմ «Սլովանին»: Չէի ասի, թե նրանք պատահական հաղթեցին։ Երկու թիմերն էլ տակտիկապես պատրաստ էին այս խաղին եւ բարձ մոտիվացիա ունեին։

Խաղից առաջ ասել էի, որ եթե հաջողությունը մեզ ժպտա, կհաղթենք։ Այս խաղում որոշ հատվածներում ունեցանք կենտրոնացվածության կորուստ, անհատական սխալներ։ Մենք կարողանում ենք արժանիորեն պարտվել։ Ցավում եմ միայն, որ մեր ժողովուրդը եւ երկրպագուները արժանի չէին տխրության։ Խոստանում եմ, որ նոյեմբերի 3-ին կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերադարձնենք նրանց տրամադրությունը»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

«Սլովանը» 8 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող շվեյցարական «Բազելը», որը 2:2 հաշվով խաղաց Լիտվայի «Ժալգիրիսի» հետ։ «Փյունիկը» 6 միավորով երրորդ տեղում է։

Վերջին տուրում «Փյունիկը» նոյեմբերի 3-ին կընդունի «Բազելին» եւ հաղթանակի դեպքում՝ կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր։

Կոնֆերենցիաների լիգա, 5-րդ տուր, H խումբ

«Սլովան» - «Փյունիկ»՝ 2:1

Գուրամ Կաշիա, 84, Էրիկ Ռամիրես, 85 - Եվգենի Կոչուկ, 64, 11մ

«Բազել» - «Ժալգիրիս»՝ 2:2

Անդի Դիուֆ, 2, Անդի Զեքիրի, 18 - Մատիաս Օեվուսի, 43, 62

Մրցաշարային դրություն․ «Սլովան» 8, «Բազել»՝ 8 միավոր, «Փյունիկ»՝ 6, «Ժալգիրիս»՝ 5։