Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առաջին անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր, նվաճեց 21-րդ տիտղոսը կարիերայում։
Հենրիխ Մխիթարյանը Երեւանի «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ գավաթակիր։
Դոնեցկի «Շախտյորում» Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի եռակի չեմպիոն, եռակի գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է սուպերգավաթը։
Դորտմունդի «Բորուսիայի» հետ Մխիթարյանը դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր։
«Մանչեսթեր Յունայթեդում» նա նվաճել է Անգլիական լիգայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը, Եվրոպայի լիգայի գավաթը։
«Ռոմայում» Մխիթարյանն անցած մրցաշրջանում նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։
«Ինտերում» նա այս տարի դարձել է նաեւ Իտալիայի սուպերգավաթակիր։
«Ինտերը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ հունիսի 10-ին Ստամբուլում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Մխիթարյանը կլինի Հայաստանի առաջին ներկայացուցիչը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։