Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է 2:1 հաշվով կամային հաղթանակը շվեդական «Կալմարի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում, որը տեղի էր ունեցել Շվեդիայում։

«Շնորհակալ եմ մեր տղաներին, որ հաղթանակ պարգեւեցին մեզ: Սա պատահական հաղթանակ չէր։ Մենք այս հաղթանակի համար շատ լուրջ, շատ ճիշտ եւ շատ լավ պատրաստվել էինք։


Շատ լավ հասկանում էինք, թե մեր մրցակիցը ինչ ֆուտբոլ պետք է խաղա։ Գիտեինք, թե մենք ինչ ֆուտբոլ ենք խաղալու։ Գիտեինք նրանց խաղաոճը եւ շատ լավ պատրաստվել էինք։ Մրցակիցը չկարողացավ անակնկալ մատուցել։

Բայց խաղը չի ավարտվել։ Պարզապես ավարտվել է առաջին խաղակեսը։ Այս բարդ մրցակցի դեմ պետք է պատրաստվել նաեւ տնային խաղի համար»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում։