Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի վերջին շրջանի անհաջողությունների մասին։

«Ակումբում բոլորը գիտեն, որ մենք կարող ենք հաջորդ մրցաշրջանում բաց թողնել Չեմպիոնների լիգան, եթե այսպես շարունակվի։ Մենք պետք է ավելի շատ աշխատենք։ Մեզ ցնցում է պետք։ Պետք է արագ գիտակցել այս իրավիճակը։ Այդ դեպքում ավելի արագ կհաղթահարենք այս բացասական փուլը։ Հակառակ դեպքում՝ ոչինչ չի փոխվի։

Հիմա դեռ դեկտեմբերն է, նույնիսկ առաջին շրջանը չի ավարտվել։ Դեռ շատ հանդիպումներ կան։ Վատ արդյունքները կարող են օգնել հասկանալ խնդիրները եւ առաջ շարժվել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի օրոք կրկնեց վատագույն շարքը Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Նախորդ չորս խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի է խաղացել «Չելսիի» (4:4), «Լիվերպուլի» (1:1) եւ «Տոտենհեմի» (3:3) հետ, պարտվել է «Աստոն Վիլային» (0:1)։

Առաջին անգամ Գվարդիոլայի օրոք այսպիսի շարք եղել էր 2016-2017 թվականների առաջնությունում։ Այն ժամանակ «Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի էր խաղացել «Սթոք Սիթիի» (0:0), «Լիվերպուլի» (1:1) եւ «Արսենալի» (2:2) հետ, պարտվել էր «Չելսիին» (1:2)։

Պրեմիեր լիգայի 15 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 30 միավորով չորրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 6 միավոր։