Իտալիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Ջենոային»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

15-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Դովերին դադարեցրեց հանդիպումը դաշտի տերերի երկրպագուների ֆայերների ծխի պատճառով (տեսանյութ)։ Մոտ 10 րոպե անց մրցախաղը վերսկսվեց։

42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը (տեսանյութ)։

Առաջին խաղակեսի ավելացված 7-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ջենոայի» ռումինացի պաշտպան Ռադու Դրեգուշինը (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր։ Նա 86-րդ րոպեին դեղին քարտ ստացավ եւ փոխարինվեց 90-րդ րոպեին։

«Ինտերը» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ջենոան» 13-րդն է՝ 20 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ջենոա» - «Ինտեր»՝ 1:1

Ռադու Դրեգուշին, 45+7 - Մարկո Արնաուտովիչ, 42