Բեռլինում՝ հունիսի 6-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ականատես ենք լինելու «Բարսելոնա» - «Յուվենտուս» պայքարին:

Բուքմեյքերներն ավելի շատ հավատում են «Բարսելոնայի» հաղթանակին․«Յուվենտուսի» հաղթլու հավանականությունը գնահատվում է 5․50 գործակից, ոչ ոքին՝ 4, մինչդեռ «Բարսայի» հաղթանակի  գործակիցը 1․62 է։

Մեզ հետ հեռախոսազրույցում ֆուտբոլային մեկնաբան Կարեն Գիլոյանը, խոսելով կայանալիք խաղի մասին, նշեց․ «Ես գրեթե համոզված եմ, որ «Բարսելոնայի»՝ հարավամերիկյան հարձակվողական եռյակը «Յուվենտուսին» շանս չի տա։ Ինչքան էլ «Յուվենտուսը» լավ թիմ է, Բուֆոնը հրաշալի դարպասապահ է, լավ կատարողներ ունի՝ հանձինս փորձառու Պիրլոյի ու երիտասարդ Պոգբայի, միևնույնն է, այստեղ արդեն «Բարսելոնան» տանուլ չի տա խաղը, և ես գրեթե համոզված եմ, որ կհաղթի խոշոր հաշվով»։

Սոցկայքերում կատարած մեր հարցումները ցույց տվեցին, որ  երկրպագուների առումով նույնպես «կապտանռնագույններն» առաջ են «Ծեր Սինյորայից»․ հարցվածների միայն 28%-ն է հավատում «Յուվենտուսի»  հաղթանակին, մինչդեռ 72%-ը համոզված է, որ Չեմպիոնների լիգայի այս տարվա  հաղթողը «Բարսելոնան» է լինելու։

Yerevannews.am-ի ֆուտբոլասերները նույնպես նախապատվությունը «Բարսելոնային» են տալիս։ Սակայն պետք է նշել, որ չնայած այն փաստին, որ «Բարսան» ունի հարձակվողական փայլուն գիծ, կիսապաշտպանական գոտին, որը պետք է գնդակ մատակարարի հարձակվողներին, թույլ է։ Կարծում ենք՝ «Յուվենտուսը» գիտակցում է դա և խաղի ընթացքում ամեն կերպ կաշխատի միջին օղակը կտրել հարձակվողներից։

Բացի այդ, կատալոնացիները պաշտպանությունում շատ շուտ  խուճապահար են լինում, ինչի վառ ապացույցը «Բավարիայի» հետ վերջին խաղն էր։