«Տոտտենհեմ Հոտսպուրն»  անգլիական ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի հյուսիսից, որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։

Ակումբի պատմությունը սկսվում է  1882 թվականի սեպտեմբերի 5-ից, երբ տեղական դպրոցներից մեկի մի քանի աշակերտներ որոշեցին հիմնել իրենց ֆուտբոլային ակումբը։

Սկզբնապես ակումբը կոչվում էր «Հոտսպուր»՝ ի պատիվ Հոտսպուր մականունն ունեցող սըր Հենրի Պերսիի. վերջինս այդ մականունը ստացել էր պոռթկուն բնավորության համար։

1884 թվականից սկսած՝ ակումբը ստացավ ներկայիս անվանումը, որպեսզի նրան չշփոթեին մեկ այլ ակումբի՝ «Լոնդոն Հոտսպուր» հետ։

Ակումբի մարզադաշտը կոչվում է Ուայթ Հարթ Լեյն։

«Տոտտենհեմն» Անգլիայի կրկնակի չեմպիոն է։ Ակումբը նվաճել է նաև Գավաթակիրների գավաթը 1963 թվականին և երկու անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթը։

Ակումբի կարգախոսնը լատիներեն "Audere est Facere" արտահայտությունն է («Որոշել նշանակում է ի կատար ածել»)։  2006 թվականից հետո այն թարգմանվեց անգլերեն և հնչում է որպես "To dare is to do"։

1882—1884 թվականներին ակումբի խորհրդանիշը պարզապես H տառն էր (Hotspur բառի առաջին տառը)։ 1909 թվականին «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում կանգնեցվեց գնդակի վրա կանգնած աքլորի արձանը, որը արդյունքում դարձավ ակումբի զինանշանը։ 

«Տոտտենհեմն» ունի  «պաշտոնական» երկու մականուն՝ spurs (սփուրս) և Lilywhites (Շուշանային-ճերմակ), որոնք  կապված են ակումբի պաշտոնական անվան և խաղացողների մարզահագուստի գույների հետ։

«Տոտտենհեմի» աջակիցների քանակը Մեծ Բրիտանիայում ամենազանգվածայիններից մեկն է։ Ակումբը հատկապես տարածված է Հյուսիսային Լոնդոնում և բրիտանական մայրաքաղաքի արվարձաններում։ Սակայն երկրպագուների ակումբները տարածված են ողջ աշխարհում։ Ակումբի երկրպագուներն իրենց հիմնական մրցակիցը համարում են լոնդոնյան «Արսենալին»։ Սուր հակամարտություն է նաև «Չելսիի» և «Վեսթ Հեմ Յունայթեդի» նկատմամբ։

Թիմի  երկրպագուների ամենախոշոր խմբավորումը "Yid Army"  է, որտեղ կա մոտավորապես 3500 մարդ։

Ակումբը հարատև  մրցակցության մեջ է մոտ հարևան «Արսենալի» հետ։ 2 թիմերի միջև անցկացվող խաղերը հայտնի են Հյուսիսլոնդոնյան դերբի անվամբ։