Առաջին ամառային եվրոպական  խաղերի ձյուդոյի մրցաշարը կմեկնարկի վաղը, հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: 

Մեր մարզիկներից առաջինը տատամի դուրս կգա 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Հովհաննեսն այս տարի լավ արդյունք է ցույց տալիս և դրա շնորհիվ  իր քաշում ունի 5-րդ վարկանիշը: Գյումրեցի ձյուդոիստը պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի սլովակ Տռբովիչ - թուրք Կաբա զույգի հաղթողը: 

Վաղը տատամի դուրս կգա նաև Ժաննա Ստանկովիչը: Մեր ձյուդոիստը առաջին գոտեմարտում ուժերը կչափի բրիտանացի Էդվարդսի հետ:

Հայաստանի հավաքականի երրոորդ ներկայացուցիչը Դավիթ Նիկողոսյանն է: Մեր երիտասարդ ձյուդոիստը տատամի դուրս կգա հունիսի 26-ին: Նա պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից: Դավիթ Նիկողոսյանի առաջին մրցակիցը իսրայելցի Մուկին է:

Տեղեկացնենք նաև, որ Բաքու 2015-ի ձյուդոյի մրցաշարը համարվում է նաև այս տարվա Եվրոպայի պաշտոնական առաջնությունը: Դա նշանակում է, որ մարզիկները միանգամից կխաղարկեն 2 տիտղոս և հետևաբար կպարգևատրվեն 2 մեդալով:

Ձյուդոյի մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է: