Թուրինի «Յուվենտուսը» «Յուվենտուս Ստեդիումում» ներկայացրել է թիմի նորեկ Պաուլո Դիբալային: 

«Պալերմոյի» նախկին ֆուտբոլիստը «Ծեր սինյորայի» հետ հինգամյա պայմանագիր է ստորագրել: 

Հարձակվողը նոր ակումբում հանդես կգա 21 համարի մարզաշապիկով:

««Յուվենտուսի» նման ակումբում խաղալն ինձ համար շատ կարևոր քայլ է: Հույս ունեմ, որ այստեղ կաճեմ՝ որպես ֆուտբոլիստ և անհատականություն և կդառնամ թիմի կարևոր անդամներից մեկը: Սա իդեալական ակումբ է՝ հաղթել սկսելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» ֆուտբոլիստի համար «Պալերմոյին» 32 մլն. եվրո է վճարել:

Հավելենք, որ Իտալիայի առաջնությունում Դիբալան մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ: