Ինչպես հայտնել ենք, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականն ընդունել էր Ալբանիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Եվրո-2016-ի ընտրական հանդիպման հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Ալբանիայից կրած տնային պարտությունը:

«Չեմ ցանկանում երկարացնել և միայն կարճ հայտարարություն կանեմ: Կարծում եմ՝ այստեղ չի կարող լինել հարցերի պատասխան, քանի որ այնքան վատ էր ամեն բան: Դրա մեղավորը ես եմ, բայց սա ֆուտբոլ է: Այսօր խաղադաշտում տեսա միայն մեկ թիմ, և դա Ալբանիայի հավաքականն էր: Ոչ մի լավ բան չտեսա, մենք բոլորս այսօր շատ վատ էինք ու անթասիբ ֆուտբոլ խաղացինք: Իհարկե, այսպիսի խաղերից հետո շատ բարդ է մարզիչի համար, որովհետև հասկանում եմ, որ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է: Այսքանը, ավելացնելու ոչինչ չունեմ: Ամեն ինչ շատ վատ էր: Երևի, մենք շատ վատ աշխատեցինք, բայց ինչքան որ ցանկություն և հնարավորություն կար օգնել հավաքականին, փորձում էի օգնել: Ցավոք, չկարողացա: Եղան նաև լավ հանդիպումներ, բայց այս վերջին խաղը ջնջեց ամեն ինչ: Նորից եմ ասում՝ մեղավորը ես եմ»,- ասաց մարզիչը:

Խոսքերն ավարտելուց հետո նա անմիջապես հեռացավ ասուլիսների սրահից: