«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ով հունվարին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի վարկանիշներով, ազատ է արձակվել:

Armsport.am-ը Սիմոնյանի փոաստաբան Լևոն Բաղդասարյանից տեղեկացավ, որ իր պաշտպանյալը երեկ՝ հունիսի 24-ին քաղաքից չբացակայելու թույլտվությամբ ազատ է արձակվել:

«Իմ պաշտպանյալի կալանքի միջոցը փոխվել է. նա քաղաքից չբացակայելու թույլտվությամբ ազատ է արձակվել»,- նշեց Բաղդասարյանը:

Փաստաբանը հայտնեց նաև, որ նախաքննությունը շարունակվում է և կավարտվի առաջիկա ամիսներին: Լևոն Բաղդասարյանը կրկին ընդգծեց համոզմունքը, որ Սիմոնյանն իրեն անմեղ է համարում առաջադրված մեղադրանքում:

Հիշեցնենք, որ Գագիկ Սիմոնյանը, ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը, մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը, ինչպես նաև ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը ձերբակալվել են հունվարի 11-ին պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Բաղդասարյանը հաղորդեց, որ տեղյակ չէ մյուս ձերբակալվածների գործի ընթացքից: