Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ուոթֆորդի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակն անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում։

«Իհարկե, բարդ էր նախորդ երեք խաղերում պարտվելուց հետո, սակայն պետք է ուժ գտնեինք եւ տնային խաղում ցուցադրեինք, որ դա պարզապես պատականություն էր: «Միլանի» դեմ հանդիպումից հետո ձեռք էինք բերել որոշակի վստահություն, ինչը ցույց տվեցինք այսօր։

Շնորհակալություն Պետր Չեխին 11 մետրանոց հարվածը հետ մղելու համար, քանի որ այդ դրվագը կարող էր փոխել խաղի ընթացքը։ Դա շատ կարեւոր էր, քանի որ հետո մրցակիցը կարող էր խփել նաեւ երկրորդ գոլը: Այդ դրվագից հետո մեր վստահությունն ավելացավ, եւ խփեցինք նաեւ երրորդ գոլը:

Միշտ վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը, դա յուրահատուկ ինչ-որ բան է: Շնորհակալություն նրան գոլիս համար։ Պետք է շարունակենք աշխատել նույն ոգով եւ խփել ավելի շատ գոլեր։

Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար։ Շնորհակալություն այն երկրպագուներին, որոնք գալիս են ստադիոն եւ աջակցում մեզ: Ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, որոնք ստադիոն են գալիս միայն հաղթանակների համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BeIN Sport-ը:

Հիշեցնենք, որ «Ուոթֆորդի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 78 րոպե եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Whoscored.com-ի վարկածով նա ստացել էր ամենաբարձր գնահատականը՝ 8․8։ Նույն գնահատականին արժանացել էր նաեւ «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը, որը հետ էր մղել 11 մետրանոց հարված եւ 200-րդ «չոր» հանդիպումն անցկացրել Պրեմյեր լիգայում։