Շվեդական «Յուրգորդենի» նորեկ Յուրա Մովսիսյանը հիշել է Ռուսաստանի առաջնությունում անցկացրած տարիները։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը Ռուսաստանում հանդես է եկել «Կրասնոդարում» (2011-2012) ու Մոսկվայի «Սպարտակում» (2013-2016) ։

«Կրասնոդարը» հրաշալի ակումբ է, որը միշտ կմնա իմ սրտում։ Սակայն ոչինչ չի համեմատվի «Սպարտակի» հետ։ Այդ ակումբում անցկացրած ժամանակահատվածն անկրկնելի էր։ «Սպարտակը» մեծ ակումբ է, որի պատմության մի մասը լինելը պատիվ է ինձ համար։ Թիմի վրա միշտ մեծ ճնում է գործադրվում, ինչը ցույց է տալիս ակումբի մեծությունը»,- 30-ամյա Մոսվսիսյանի խոսքը մեջբերում է Expressen-ը։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Յուրգորդենի» հետ կնքել է 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի ավարտված առաջնությունում «Յուրգորդենը» գրավել է երրորդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Շվեդիայում նոր մրցաշրջանը կմեկնարկի ապրիլի 1-ին։ Շվեդիայի առաջնության առաջին տուրում «Յուրգորդենը» կհյուրընկավի «Օստերսունդին»։

Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։