Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կլինի մոտ օրերս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական բաժնի պետ Տիգրան Իսրայելյանը:

Դիտարկմանը, որ արդեն կան տեղեկություններ, ըստ որոնց ազգային հավաքականի գլ;խավոր մարզիչ է նշանակվելու Վարդան Մինասյանը, Տիգրան Իսրայելյանն արձագանքեց. «Այս պահին դեռ հայտնի չէ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հեռացել է պաշտոնից:

NEWS.am-ի տեղեկություններով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի Վարդան Մինասյանը: Ինքը՝ Մինասյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ այդ լուրի վերաբերյալ որեւէ բան չունի ասելու:

Վարդան Մինասյանը 2009-2013 թվականներին արդեն մեկ անգամ զբաղեցրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Նշենք, որ Վարդան Մինասյանն իր մարզչական կարիերան սկսել է Փյունիկում որպես մարզիչի օգնական։ Նա նաեւ եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Յան Պորտերֆիլդի օգնական։ 2008 թվականի հունվարին, երբ Հայաստանի հավաքականի մարզիչ դարձավ Յան Պոուլսենը, Վարդան Մինասյանը մնաց մարզչի օգնական։ Այնուհետեւ 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ։

2017 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական տնօրենի պաշտոնում:

Հիշեցնենք, որ նախորդ երկու ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը Երեւանում 0:0 հաշվով խաղաց Էստոնիայի թիմի հետ եւ 0:1 հաշվով պարտվեց լիտվացիներին: