Անգլիայի առաջնությունում տեղի ունեցան նախորդ տուրերից տեղափոխված հանդիպումներ: Լոնդոնի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեսթեր Սիթիի» հետ: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը: Հյուրերն արդեն 15-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով: Վերջին հույսի խախտման համար հեռացվեց հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը: «Լեսթերը» կարողացավ թվային առավելությունից կորզել հաղթական արդյունք՝ 3:1 (տեսանյութ):

«Արսենալը» 60 միավորով 6-րդ տեղում է, «Լեսթերը» 47 միավորով 9-րդն է:

Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Հադերսֆիլդին»: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: «Չելսին» վաստակել է 70 միավոր, 5-րդն է եւ վերջին տուրից առաջ 2 միավորով հետ է մնում 4-րդ տեղում ընթացող «Լիվերպուլից»: «Հադերսֆիլդը» 16-րդ տեղում է՝ 37 միավոր: «Հադերսֆիլդը» մեկ միավորի շնորհիվ տեղը պահպանեց Պրեմյեր լիգայում՝ անհասանելի դառնալով 18-րդ տեղում գտնվող «Սուոնսիի» համար։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 3:1

Կելեչի Իհեանաչո, 14, Ջեյմի Վարդի, 76, 11մ, Ռիյադ Մահրեզ, 90 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 53

Հեռացում՝ Կոնստանտինոս Մավրոպանոս («Արսենալ»), 15

35-րդ տուր

«Չելսի» - «Հադերսֆիլդ»՝ 1:1

Մարկոս Ալոնսո, 62 – Լորան Դեպուատր, 50