Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող Վալենտին Գրանատկինի անվան ավանդական հուշամրցաշարի երրորդ տուրում Ռուսաստանի թիմից կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Ընդհանուր առմամբ, լավ տպավորություններ ունեմ խաղից: Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստական նոր գործընթաց, թիմը կայացման փուլում է եւ մենք փորձում ենք նոր խաղացողների: Այդ պատճառով այս պահին մեծ նշանակություն չենք տալիս արդյունքին: Մեզ մոտ շատ բան ստացվում է, սակայն սա երկարաժամկետ հեռանկարներ ունեցող աշխատանք է: Հուսով եմ, որ շուտով թիմը կբարելավի իր խաղը:

Մոլդովայի դեմ նախորդ խաղում մեր դարպասապահը ստացավ քթի կոտրվածք եւ որոշ ժամանակ չի կարող օգնել թիմին, սակայն նա հոգեբանորեն վերականգնվում է:

Այս մրցաշարը հրաշալի է կազմակերպված: Շատ ուրախ ենք, որ մեր թիմը հրավիրվածների թվում է: Մեծ հաճույքով կմասնակցենք նաեւ հաջորդ տարի, քանի որ այս մրցաշարը շատ լավ է համապատասխանում մեր երիտասարդական թիմերի աճին ու առաջընթացին: Հույս ունենք, որ հաջորդ տարի կկարողանանք հավասար մրցակցություն ցուցաբերել մյուս երկրների թիմերին»,- արգենտինացի մարզիչի խոսքը մեջբերում է մրցաշարի կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ 2 խաղերում Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել էր Լիտվային (0:1) ու Մոլդովային (1:4): Խմբային փուլից հետո հայկական թիմը կպայքարի 5-8 տեղերի համար եւ սեպտեմբերի 6-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, կխաղա Ղրղզստանի թիմի հետ: