Լոնդոնի «Արսենալը» դուրս մնաց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից: Քառորդ եզրափակիչում Ունաի Էմերիի գլխավորած թիմը լոնդոնյան դերբիում ընդունեց «Տոտենհեմին» եւ պարտվեց 0:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում մասնակցեց առաջին խաղակեսին եւ ընդմիջմանը խաղադաշտում տեղը զիջեց ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնիին: 12-րդ րոպեին Մխիթարյանն ունեցավ 100 տոկոսանոց գոլային պահ, սակայն, մեն-մենակ դուրս գալով մրցակցի դարպասապահի դեմ, չկարողացավ գրավել դարպասը: Հայ կիսապաշտպանը խաղի հաշիվը բացելուն մոտ էր նաեւ երկրորդ րոպեին, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ:

Բոլոր մրցաշարերում 22-խաղյա անպարտելի շարքից հետո «Արսենալը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը:

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Լոնդոնի «Չելսին», որը բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ մրցաշարի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ու Անգլիայի երրորդ ուժեղագույնների լիգայի ներկայացուցիչ «Բարտոնը»:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Նախորդ տարի «Արսենալը» եզրափակիչում պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»:

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 0:2 (տեսանյութ)

Սոն Հյոն Մին, 20, Դելե Ալի, 60

«Չելսի» - «Բորնմութ»՝ 1:0 (տեսանյութ)

Էդեն Ազար, 84