Իտալիայի ֆուտբոլային հավաքականի հետ Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումը եղել է 2012 թվականին, ու դրանից հետո իտալական ընտրանին շատ է փոխվել։ Այժմ նրանք ավելի շատ խաղում են գնդակով, քան դիրքերով։ Այս մասին նախախաղյա ասուլիսի ժամանակ այսօր հայտնել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Կփորձենք ամեն ինչ անել, որ վերահսկենք խաղը, չթողնենք նրանց օգտագործել իրենց լավագույն կողմերը, քանի որ գիտենք, որ Իտալիայի հավաքականը կարող է ցանկացած ժամանակ պատժել։ Դրա համար կփորձենք անել առավելագույնը և պատվով հանդես գալ»,- ասել է Մխիթարյանը։

Իտալական ընտրանին 4 խաղում 4 հաղթանակ է տարել, և ըստ Մխիթարյանի՝ մյուս հավաքականները, այդ թվում՝ Հայաստանինը, պայքարելու են երկրորդ տեղի համար, քանի որ հեշտ մրցակիցներ չկան։

Ինչ վերաբերում է իր մարզավիճակին, Մխիթարյանն ասաց, որ դա վաղը կերևա։

«Ֆուտբոլը չեն խաղում միայն ոտքերով, խաղում են նաև ուղեղով»,- ասաց Հայաստանի հավաքականի ավագը։