Մեղրիի մաքսատունը աշխատում է, բայց դադարեցվել է Ագարակ մաքսային կետ պահեստի լիցենզիան։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՊԵԿ-ի լրատվության ծառայությունից։

«Մեղրիի անցակետում խնդիր չկա, բաց է, աշխատում է։ Ագարակ մաքսային կետ պահեստի լիցենզիան դադարեցված է։ Դեռեւս 1 ամիս առաջ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ մասնագետները գործուղվել են Հանրապետության մայրաքաղաքի եւ մարզերի պահեստներ՝ ստուգումներ իրականացնելու։ Ագարակ մաքսային կետ պահեստում եղել են խնդիրներ, մաքսային պահանջներին բավարար չի եղել եւ լիցենզիան դադարեցվել է»,- հայտնեցին ՊԵԿ-ի լրատվության ծառայությունից։


Ավելի վաղ NEWS.am-ն իր տեղեկություններով հայտնել էր, որ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ այս պահին Հայաստանից Իրան ուղեւորվող բեռնատարերի խոշոր կուտակում կա, քանի որ մաքսատունը չի գործում։

Ըստ մեր տեղեկությունների՝ անցակետը փակելու հրահանգը տվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ում մամուլը կնքել է «Նակոլկա Շուշո» մականունով։