Հինգ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։

Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Քառօրյա պատերաժմի ժամանակ արյունալի մարտերի արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը լուրջ կորուստներ ունեցան` զինված ուժերի անձնակազմում և ռազմական տեխնիկայի մեջ: Հայկական կողմը զոհեր ունեցավ նաև խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ մեկ երեխա (ևս 2-ը վիրավորվել էին): Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել: Արդյունքում, հրադադարը հաստատվեց ռազմական գործողությունների մեկնարկից միայն 4 օր անց՝ ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ին։

Հաջորդող օրերին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է, թեև Ադրբեջանը շարունակել է դիվերսիայի փորձեր ձեռնարկել: