Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության ընդունումը Ռուսաստանից հեռու մնալու ընդհանուր միտումի մի մասն է: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այս ակցիան, ցավոք, տեղավորվում է մի միտումի մեջ, որը ձևավորվել է վերջերս։ Երեւանի կողմից մենք ավելի ու ավելի շատ ցուցադրական քայլեր ենք տեսնում՝ ուղղված Ռուսաստանից հեռու մնալուն»,- ասել է նա։

«Պատմությունը, վստահ եմ՝ ամեն ինչ իր տեղը կդնի։ Հեռվից որոշ հովանավորների որոնումը և ինչ-որ մեկին հաճոյանալու ցանկությունը չեն ջնջի բարեկամության և փոխըմբռնման եզակի պատմական կապերը, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև»,- հավելել է Ռյաբկովը։