«Եվրատեսիլ 2014» մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են միջոցառման նոր կանոնները: Մրցույթի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, կազմակերպիչները խստացրել են կանոնները եւ ավելացրել ժյուրիի «թափանցիկությունը», որը 50 տոկոսով ազդում է երկրների քվեարկության արդյունքների վրա:

Նոր կանոնների համաձայն, ժյուրիի անդամների անունները հայտարարվելու են մայիսի 1-ին: Բացի այդ, մրցույթի ավարտից հետո ցուցադրվելու է ժյուրիի անդամներից յուրաքանչյուրի քվեարկության արդյունքները:

Յուրաքանչյուր հեռուստա-ռադիոհեռարձակող ընկերությունը, որը մրցույթը հեռարձակելու է իր երկրում, կներկայացնի ազգային ժյուրին, որը կքվեարկի այս կամ այն երգի օգտին (բացի իր մասնակցի կոմպոզիցիայից): Հեռուստադիտողների ձայներին կավելացվեն ժյուրիի ձայները, ինչի արդյունքում էլ կորոշվի հաղթողը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013»-ի կազմակերպիչներն այս քայլին գնացեցին Ադրբեջանի կողմից ժյուրիի անդամներին գնելու մասին սկանդալային տեղեկություններից հետո: Եվրոպայում հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ վերջին երեք տարիներին սկսել են լուրեր տարածվել մի քանի երկրների կողմից ձայն գնելու մասին: Շվեդական Skanska Dagbladet թերթի թղթակցի հետ զրույցում մրցույթի մասնակից երկրների պատվիրակություններից մեկի ներկայացուցիչն ասել էր, որ երկու այլ պատվիրակության ներկայացուցիչներ իրեն առաջարկել են «ձայների գնման» բանավոր համաձայնագիր կնքել: Նույն աղբյուրը նշել է, որ այս տարի շվեդական Մալմյոյում անցկացված մրցույթի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչներն իրեն հսկայական գումար են առաջարկել՝ ժյուրիի անդամների հետ «պայմանավորվելու» դիմաց: Նշվում էր նաեւ, որ ադրբեջանական պատվիրակության անդամները լիտվացի ուսանողներին անվճար բջջային հեռախոսահամարներ են բաժանել եւ վճարել՝ իրենց օգտին քվեարկելու համար: Աղբյուրը նաեւ հավաստում է, որ այդ կերպ են գործել նաեւ մակեդոնական եւ ռուսական պատվիրակությունները:

Eurovision Song Contest-ի կազմակերպման համար պատասխանատու Սիեստե Բեքքերը հայտարարել էր, որ ներկայում հետաքննություն է կատարվում, սակայն «Եվրատեսիլ» մրցույթի փորձագետները մտավախություն են հայտնել, որ այն ոչ մի արդյունք չի տա եւ ոչ մի վճռական քայլ չի արվի: