Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիայի հետ, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:
Նախարարության մամուլի ծառայությունից նշեցին, որ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի կողմից կնքված պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են «ԱՍ ՇԻՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի կողմից։
«Ներկայումս ընթանում են նախագծային փաստաթղթերը ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարության, անհրաժեշտության դեպքում նաև թուրքական կողմի հետ համաձայնեցնելու ու դրանց ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներ անելու փուլերը, որոնց ավարտից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները», - նշված է պատասխանում։