Շշմեցնող Հայաստանն այն ուղղություններից է, որտեղ ավելի քիչ զբոսաշրջիկների կտեսնեք, քան մայրցամաքի շատ այլ երկրներոիմ, բայց սա շուտով կարող է փոխվել, քանի որ այնտեղ զբոսաշրջիկների թիվը սկսում է աճել, գրում է բրիտանական Daily Express-ը։

Երեւանն արագորեն ճանաչում է ձեռք բերում՝ որպես պարտադիր այցելության վայր: Սա երկրի մայրաքաղաքն է եւ աշխարհի՝ մշտապես բնակեցված հնագույն քաղաքներից մեկը, որի ներկայիս բնակչությունը կազմում է մեկ միլիոնից մի փոքր ավելի մարդ:

Բլոգեր Կամին, ով վարում է Kami & The Rest of the World կայքը, ասում է, որ կրկին ու կրկին ձգտում է այցելել այս երկիր: «Դուք նախատեսու՞մ եք մեկնել Հայաստան։ Լավ ընտրություն է։ Սա ամենականչող երկրներից է՝ հարուստ պատմությամբ, գեղեցիկ բնապատկերներով, հյուրընկալ մարդկանցով եւ զարմանալի հուշարձաններով։ Ինձ բախտ է վիճակվել արդեն մոտ 10 անգամ այցելել Հայաստան (ես արդեն կորցրել եմ հաշիվը), եւ վստահ եմ, որ ապագայում կվերադառնամ այնտեղ։ Այս երկրում ինչ-որ գրավիչ բան կա, որն անդադար ձգում է: Համոզված եմ՝ դուք նույնպես սա կզգաք, երբ այցելեք Հայաստան»։

www.nomadasaurus.com կայքից Թեյս Բրուկամպը (Thijs Broekkamp) համաձայն է նրա հետ: «Աշխարհի ամենաերկար ճոպանուղով երթեւեկությունից մինչեւ Որոտանի կիրճի ապշեցուցիչ լանդշաֆտները, ու պատմության ամենահին վանքերով հիանալը․․․ Սրանք ընդամենը մի քանի պատճառ են, թե ինչու պետք է մեկնել Հայաստան: Երբ ճանապարհորդում եք Հայաստանով, հաճախ մտածում եք, թե ինչու ավելի շատ մարդիկ այս երկրին ավելի առաջնային տեղ չեն հատկացնում իրենց ցուցակում: Շատ երկրներ չեն կարող պարծենալ, որ պահպանել են իրենց հարուստ մշակութային ժառանգությունը, որը թվագրվում է հին ժամանակներից»։

«Այս փոքրիկ երկիրը ձեզ կգրավի իր լանդշաֆտներով, հնագույն հուշարձաններով եւ անզուգական հյուրընկալությամբ: Եթե ​​ցանկանում եք բացահայտել Եվրոպայի ամենատպավորիչ գաղտնիքներից մեկը, գնացեք Հայաստան»: