Հայաստանը քննարկում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման հաջորդ կարևոր արդյունքը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն էր քաղաքացիական առաքելության և այսօր Կառավարությունը քննարկում է առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարացնելու հարցը:

Ինչպես տեսնում եք, Պրահայի քառակողմ հանդիպումն առանցքային նշանակություն ունի կայուն ու խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրատեսական ու, որ ամենակարևորն է, ուժեղ իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդ համաձայնությունների ձեռքբերման գործում ահռելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը:

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնի թիրախվորումը զարմանալի, անհասկանալի եւ անընդունելի է ինձ համար եւ Հայաստանի կառավարության համար: Եթե Մակրոնին թիրախավորում եմ ԵՄ քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատ տալու համար, այդ որոշումը ԵՄ-ում կայացվել է կոնսենսուսով: Ուզում եմ ԵՄ բոլոր ղեկավարներին շնորհակալություն հայտնել այդ որոշման համար, որ տեղի է ունեցել Հայաստանի խնդրանքով:

ԵՄ առաքելությունը այս ընթացքում միջազգային հանրության, ավելի կոնկրետ ԵՄ-ի եւ նրա գործընկերների համար Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի եւ շփման գծի ողջ երկայնքով իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվության ղբյուր է դարձել, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար:

Կարեւոր է, որ ԵՄ-ն եւ նրա գործընկերները Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի եւ շփման գծի երկայնքով իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանան: Այդ տեղեկատվությունն ակնհայտ կդարձնի, որ ՀՀ-ն անկեղծորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ այս պատմության ագրեսիվ կողմը չէ»,-ասաց վարչապետը: