Այն  շուկաները, որտեղ  կան գների անհիմն  բարձրացում,  կենթարկվեն խիստ պատասխանատվության  ՏՄՊՊՀ-ի կողմից: Այս մասին այսօր նշեց  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Մենք ամենօրյա կտրվածքով հետևում ենք գնագոյացմանը և գների քաղաքականությանը, և եթե լինեն չարաշահման երևույթներ, այսինքն՝ եթե լինեն գների անհիմն բարձրացման երևույթներ, ապա բոլոր այդ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Սակայն խոսքը վերաբերում է այն շուկաներին, որտեղ կան խոշոր ընկերություններ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, խոսքը չի վերաբերում բոլոր ապրանքային այն շուկաներին, որոնք մրցակցային են», - նշեց նա:

 Արտակ Շաբոյանը շեշտեց, որ տոներին ընդառաջ ուսումնասիրություններ են կատարում և բազմաթիվ դեպքեր են բացահայտել, որ տնտեսվարողների կողմից հայտարարված զեղչերը սպառողներին գայթակղելու հրապուրելու, իրենց մոտ կանչելու նպատակ  ունեն և  շատ դեպքերում դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Վերջերս խիստ պատասխանատվության ենթարկեցինք այն բոլոր տնտեսվարողներին, որոնց կողմից հրապարակված հայտարարված զեղչերը գովազդների, վահանակների միջոցով չեն համապատասխանում իրականությանը: Մենք մի քանի անգամ նախազգուշացում ենք տվել նման չարաշահումներ իրականացրած տնտեսվարողներին և հայտարարել ենք, որ հաջորդ անգամ խիստ ենք մոտենալու»,-եզրափակեց ՏՄՊՊՀ նախագահը: