Ամերիկյան Stratfor քաղաքական վերլուծական կայքէջը վերջերս հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնահարցին:

Վաշինգթոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունների ազդեցությունը տարածվում է Իրանի շրջակայքում, և ռազմավարական մթնոլորտի փոփոխությունը մի շարք երկրների միջև կարևոր հարցերի շուրջ դիվանագիտական աշխուժություն է ստեղծել։ Օրինակ, նոյեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա հայ գործընկեր Սերժ Սարգսյանի միջեւ բանակցություններ են տեղի ունեցել, որոնք 2012 թվականի հունվարի ռուսական միջնորդությամբ քննարկումներից հետո, Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության լուծման համար առաջին ջանքերն էին։ Թեև Սարգսյանը նշել է, որ բանակցությունները բնական կերպով ընթանում են և պիտի շարունակվեն, այս հարցը երկու երկրների համար էլ դժվար լուծելի է մնում, և այն լուծելու նախկին բազմաթիվ փորձեր ձախողման են մատնվել։ Այնուամենայնիվ, իրանամերիկյան մերձեցումը կարող է խախտել Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև շրջանային այլ հարցերի շուրջ տիրող ստատուս քվոն։

Իրանամերիկյան փոխըմբռնումը, մասնավորաբար, նշանակալից պետք է լինի Իրանի հյուսիային սահմանի երկայնքով գտնվող փոքր, սակայն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կովկասյան պետությունների համար։ Թեև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուրջ երկու տասնամյակ սառեցված է, այնուամենայնիվ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը առընչվել են հարաբերությունների, որ արդեն իսկ ազդված են իրանամերիկյան բանակցությունների կողմից։ Որպես օրինակ` Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը խորապես մտահոգ է, որ իրանամերիկյան համաձայնությունից երկու երկիրն էլ Կովկասի մեջ ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ։ Մոսկվան անցյալ տարվա ընթացքում իր դիրքերը ամրապնդեց և մտահոգ է, որ իր ազդեցությունը հնարավոր է սպառնալիքի տակ հայտնվի թե՛Վաշինգթոնի և թե՛ Թեհրանի կողմից, եթե նրանք դադարեն մրցակիցներ լինել։

Ադրբեջանն իր հերթին ջանացել է Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությանը հակակշռել՝ տարածաշրջանում իր հարաբերությունները տարատեսակ դարձնելով, որպեսզի որևէ ուժի ենթակա չդառնա։ Օրինակ, Ադրբեջանը դեպի Թուրքիա և Արևմուտք, ինչպես նաև դեպի Ռուսաստան և Իրան ուժանյութ է կերտել։ Բաքուն նաև իր կապերը կամրապնդի Թուրքիայի և Իսրայելի հետ՝ իբրև հակակշիռ` իր հյուսիսը եւ հարավը գտնվող ավելի մեծ դրացիների հետ։ Սակայն կշարունակի իր սեփական ռազմական ուժը աճեցնել՝ մի օր Լեռնային Ղարաբաղին բռնի ուժով վերատիրանալու հույսով։

Ադրբեջանի հարաբերություններն ու դաշինքները նույնպես ազդեցություն կունենան Իրան-Միացյալ Նահանգներ լարվածության մեղմացումից։ Նշվում է, որ Ալիևի և Սարգսյանի միջեւ նոյեմբերի 19-ի հանդիպումը Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի դրդումով է տեղի ունեցել։ Վերջինս Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցության մեջ Վաշինգթոնի զորակցությունն է ակնկալում, փոխարեն Թեհրանի հետ համաձայնության աջակցելուն։ Ի վերջո, Թուրքիան հույս ունի Կովկասում ռազմավարական ձեռքբերումներ արձանագրել, մասնավորապես` Հայաստանի հետ հարաբերութիւնները կարգավորելով։ Սակայն, իբրև Ադրբեջանի դաշնակից, Թուրքիան ցանկանում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց տեսնել՝ խուսափելու համար Բաքվի կողմից հակազդեցությունից, ինչպիսին տեղի ունեցավ 2009-ին Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելու փորձից հետո։ Այդ ջանքերը, որոնց զուգահեռ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ տեղի չէին ունենում, ձախողեցին Հայաստանի հետ համաձայնություն ձեռք բերելը և ժամանակավոր կերպով վնասեցին Ադրբեջանի հետ Թուրքիայի կապերին` ի շահ Ռուսաստանի։

Մինչ այդ՝ Միացյալ Նահանգները ցանկանում է իր հարաբերությունները զարգացնել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, և անշուշտ Ադրբեջան հետաքրքրված է այս ուղղությամբ առաջընթաց տեսնելով՝ մինչև այն պահը, երբ Լեռնային Ղարաբաղի վերատիրացումը արտոնող համաձայնության հնարավորություն գոյություն ունի։ Սակայն, թեև բանակցությունները բոլոր այս հարցերի շուրջ ընթանում են, այնուամենայնիվ հստակ չէ, թե դրանք լուծում կստանան։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմնված է մի շարք դերակատարների խոր շահերի վրա։