Երեկ ԱԺ-ում, երբ ելույթ էր ունենում ԱԺ Ժառանգության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, տեղից նրա ելույթին արձագանքում էին իշխանական պատգամավորները: Երբ Արզումանյանը հարց բարձրացրեց, թե ինչու հանձնաժողով չի ստեղծվում հոկտեմբերի 27-ի գործով, տեղից միջամտեց ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը որին էլ Արզումանյանը պատասխանեց. «Ես երեք անգամ նստել եմ, նստելուց չեմ վախենում, դու վախեցի տղա»:

Իսկ արդեն այն արտահայտության ժամանակ, թե մարտի մեկի դեպքերի կոծկման համար մեղավոր են բոլորը՝ բացի Ժառանգությունից և ՀԱԿ-ից, տեղից արձագանքեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Այսօր ԱԺ ճեպազրույցնների ժամին, Հովհաննես Մարգարյանը պարզաբանեց իր ընդհատելու պատճառն ու թե ինչ էր ասել:

«Նա քաղաքական չորս ուժերին իրեն իրավունք վերապահեց մեղադրել մարտի մեկյան իրադարձությունները կոծկելու մեջ: Ես ընդամենը ասեցի, որ մենք երբեք որևէ բան չենք կոծկել և կոծկելը փնտրիր քո նախկին շեֆի մեջ, կազմակերպիչների մեջ և կոծկողների մեջ, ովքեր չեկան և ոչ մի ցուցմունք չտվեցին հանձնաժողովի առջև», - նշեց նա, հավելելով, որ երկրի առաջին նախագահին մեղադրում է հանրահավաքի կազմակերպման մեջ, իսկ ջարդերի կազմակերպիչներին նա չգիտի:

Հովհաննես Մարգարյանը կոչ արեց իրենց չմեղադրել առավել ծանր հանցագործությունների համար:

«Այդպիսի իրավունք իրեն ոչ մեկ չի տվել»,- նշեց նա: