«Մնա չափիդ մեջ և մի խառնվի մեծերի գործերին»,-այսօր ԱԺ ամբիոնից ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հորդորեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարը նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին` ասել էր. «Ուզում եմ անդրադառնալ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների այն գնահատականին, որ որոշակի ագահ անձ տարեկան 6-8 մլն դոլար կամ եվրո շահույթ է ստանում՝ ի շնորհիվ այն խաղի կանոնների, որ գործում են: Երբ այդ միտքը հնչեցվում էր, ես մտածում էի՝ ո՞ր մասնավոր անձի մասին է խոսք գնում: Այդպիսի չափանիշներին բավարարող միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող միայն մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև շնորհիվ նրա, որ նաև ձեր ֆրակցիան միահամուռ կերպով քվեարկել է, որպեսզի ամբողջ, չակերտներում, փոքր բիզնեսը փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, որ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»:

Ստեփան Մարգարյանն ասաց, որ Դավիթ Սարգսյանը հավանաբար տեղյակ չէ, որ խաղատների մասին օրենքի նախագիծը կառավարությունն է առաջին հերթին հաստատել և բոլոր նախարարներն էլ` այդ թվում Դավիթ Սարգսյանը, գլուխը կախ կողմ են քվեարկել նախագծին:

«Թե ինչ կապի ունի այդ օրենքի մասին խոսելը արագաչափերի ու տեսախցիկների մասին օրինագծին, միայն ֆինանսների նախարարին է հայտնի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Արձագանքելով նախարարի մեղադրանքներին, թե քաղաքական ուժերը թաքնվում են քաղաքացիական նախաձեռնությունների հետևում և դա անում են, որովհետև ժողովուրդն իրենց չի վստահում, Ստեփան Մարգարյանն ասաց, որ նախարարին կամ կառավարության մյուս անդամներին առաջարկում է գնալ ցանկացած բնակավայր ու տեսնել, թե ժողովուրդն ում է վստահում:

«Միայն ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին մասնակցում էին տանսյակ հազարավոր մարդիկ, իսկ ինչ կլինի, եթե ոչ իշխանական չորս ուժերը հանրահավաք կազմակերպեն…»,- հարց բարձրացրեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա նախարին խորհուրդ տվեց խոսելուց առաջ մտածել: