Անգամ պարտադիր կուտակայինի մասին օրենքի հակասահմանադրական ճանաչվելը կառավարության հրաժարականի պատճառ չի կարող լինել, այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը. «Որևէ օրենքի կամ իրավական ակտի հակասահմանադրական ճանաչվելը իմ կարծիքով չի կարող կառավարության հրաժարականի պայման հանդիսանալ: Կառավարության հրաժարական տալու նախապայմանները քաղաքական են լինում»,-ասաց նախարարը:

Ազգային Ժողովի իր ելույթի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը կոչ էր արել նախարար Դավիթ Սրագսյանին «չխառնվել մեծերի գործերին», այս կապակցությամբ նախարարը չցանկացավ որևէ բան ավելացնել՝ ասելով, որ ամեն ինչ ասված է.«Ես կարծում եմ ինչ ասվել արդեն ասվել է և ես լրացուցիչ ասելիք չունեմ»:

Լրագրողների այն հարցին, թե ինչ է մտածում նախարարը ԱԺ չորս ուժերի նախաձեռնության կապակցությամբ, արդյո՞ք ինքը պատրաստ է հրաժարվել նախարարի աթոռից՝ Դավիթ Սրագսյանն ասաց.«Դեռ թող սկսեն իրենց գործընթացը և հասցնեն ավարտին, նոր կպատասխանեմ այդ հարցին»:

Լրագրողի այն հարցին, թե սիրում եք խաղատներ այցելել, Դավիթ Սարգսյանն ասաց.
«Երբևէ չեմ եղել, անգամ որևէ թանկ խաղատանը, կամ ամենաէժան»: 

Իսկ թղթախաղ սիրում եք խաղալ հարցին, նախարարն ասաց.

«Ոչ, ափսոս, բայց որևէ խաղ չգիտեմ, բացի դուռակից»: