Թուրքագետ Լևոն Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը:

Թուրքիան ակտիվորեն շարունակում է Ադրբեջանում «զուգահեռ պետության» կամ գյուլենական շարժման չեզոքացման ու վարկաբեկման գործողությունները: Թուրքիայում դրա դեմ կոշտ պայքարի շրջանակներում քայլեր են ձեռնարկվում նաև ադրբեջանական «զուգահեռ պետության» դեմ: Ադրբեջանում որոշում է կայացվել փակել «Yurd TV» հեռուստաալիքը, որը գործում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվության բաժնի այլևս նախկին պետ Էլնուր Ասլանովի հովանավորությամբ, որի անունը կապվում է գյուլենական շարժման հետ: Էրդողանի վերջերս կատարած այցը Բաքու կարելի է դիտարկել նաև գյուլենականների դեմ Ադրբեջանի իշխանությունների կատարելիք գործողությունների համատեքստում: Էրդողանին պետք էր ստանալ Ալիևի հավատարմությունն ու պայքարի հստակ երաշխիքներ: 

Թուրքական կառավարությանը սպասարկող և գյուլենականների դեմ տեղեկատվական դաշտում ակտիվ պայքար մղող «Sabah» պարբերականը հրապարակել է հատուկ մի փաստաթուղթ, ինչը վերաբերում է Ադրբեջանում գյուլենական կառույցների ֆինանսավորման խնդիրներին: Ի դեպ, այդ փաստաթուղթը առաջինը հրապարակել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած լրատվական կայքերից մեկը: Էրդողանը իր և իր գլխավորած կառավարության դեմ կաշառակերության ու խարդախության «օպերացիայից» հետո ձեռնամուխ է եղել Ադրբեջանում գյուլենական շարժման նմանատիպ օպերացիային, որով ցույց են տրվում Ադրբեջանում պետական պաշտոնյաներին տրվող կաշառքների կամ այլ կերպ «նվիրատվությունների» փաստերը:
Ադրբեջանում գյուլենական «իմամներից» համարվող Մուստաֆա Թ.-ի կողմից Ֆեթուլլահ Գյուլենին ուղղված զեկույցում նշված են 2013 թ. Ադրբեջանում գործող գյուլենական համայնքի կառույցներին ցուցաբերվող ֆինանսական հատկացումների չափերն ու ուղղությունները: Ադրբեջանում գյուլենական համայնքի պատկանող կառույցներից ստացված ընդհանուր գումարը կազմել է 53 մլն դոլար, որից շուրջ 17 մլն-ը հատկացվել է կոնկրետ նպատակների ու ֆինանսական ծախսերի համար, իսկ մնացյալ 36 մլն-ը պահվել «հուսալի ձեռքերում»:
Նույն թվականին Ադրբեջանում գործող և գյուլենական շարժմանը պատկանող «Hazar» հեռուստաընկերությանը, «Burc FM» ռադիոընկերությանը և «Zaman Azerbaycan» թերթին հատկացվել ավելի քան է 2.4 մլն դոլար: Ադրբեջանում գործող «Ģağ Öğretim» կազմակերպությունների միությանը հատկացվել է մոտ 8.5 մլն դոլար: Ավելի քան 500 հազար դոլար էլ հատկացվել է Ադրբեջանում գյուլենական համայնքի քարոզչության ու ներկայացման նպատակով՝ գրքերի, տեղեկագրերի, բրյոշուրների ու միջոցառումների կազմակերպման միջոցով:
Այստեղ առավել հետաքրքիրը Ադրբեջանում պետական պաշտոնայներին ու «կարևոր անձանց» վարձատրության ու «նվիրատվությունների» համար առանձնացված գումարներն են: Պետական հաստատություններում ու կառույցներում գյուլենական շարժման «բարեկամներին» որպես ամսեկան աշխատավարձ հատկացվել է ավելի քան 3.5 մլն, իսկ Ադրբեջանի «ազդեցիկ» մարդկանց նվիրատվությունների ու նվերների համար՝ 732 հազար դոլար:

Փաստորեն, սա այն ծախսերի մի մասն է, որը կոչված է ապահովելու շարժման տեղեկատվական-քարոզչական գործունեության ու «ներթափանցման» համար: Հիմնական ֆինանսական միջոցները գոյանում են նույն Ադրբեջանում գործող, համայնքին պատկանող բիզնես կառույցներից: Առաջիկայում լուրջ հարված կլինի Ադրբեջանում շարժմանը պատկանող բիզնես կառույցներին ու ընկերություններին, ինչպես նաև կոնկրետ անձնաց, քանի որ ըստ երևույթին Ալիևը տվել է իր հավատարմության երդումն Էրդողանին:

Աղբյուրը` Facebook.com