Ավստրայի ԱԳՆ-ը հայտնել է հինգշաբթի օրը Ավտրիայի արևելյան շրջանում գտնված լքված բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 70 դիակ: Իշխանությունները կարծում են, որ մահացածները ներգաղթյալներ են եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավստրիական ոստիկանությունը հայտնել էր, որ մեքենայի մեջ կարող է լինել մոտ 50 դիակ, սակայն հստակ թվեր չէր նշել: 

Բեռնատարը հայտնաբերվել էր դեպի Վիեննա տանող մայրուղու մոտակայքում՝ Փարնսդորֆ բնակավայրում: Նախնական զննության արդյունքում հաստատվել էր, որ ներգաղթյալներն արդեն որոշ ժամանակ մահացած են եղել, և որոշ մահացածների մարմինները սկսել են փտել:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհան Միկըլ-Լյայտներն այդ օրը սև օր է անվանել և ցավակցել մահացածների հարազարտներին:

Բի-բի-սիի հետ զրույցում Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոմիության՝ ներգաղթյալների ընդունման քաղաքականության դրույքները չեն աշխատում: Միայն անցած ամսվա ընթացքում ԵՄ սահմանն անցել են ռեկորդային թվով ներգաղթյալներ՝ 107,5 հազար մարդ: Չորեքշաբթի օրը սերբական ոստիկանության տվյալներով սահմանը հատել է ավելի քան 3000 մարդ: