Այսօր՝ նոյեմբերի18-ին ԱԺ-ում հարց ու պատասխանի օր էր: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ինքնագոհ տոնով հայտարարում և բոլորին տեղեկացնում էր ոլորտի գրանցած աճի մասին՝ պնդելով, որ հունվարից արձանագրվել է12 տոկոս աճ:

Նախարարը պնդում է, որ ավելացել են ցանքատարածությունները, ինչի արդյունքում էլ հողային ռեսուրսներն են սկսել նպատակային և արդյունավետ օգտագործվել: Մարզերում գրանվել է գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության ծավալների զգալի աճ. անասնապահությունում աճը կազմել է 4.1 տոկոս, իսկ բուսաբուծությունում՝ 15 տոկոս: 

Սերգո կարապետյանի ներկայացրած տվյալները հեռու չեն իրականությունից. այս տարի գյուղացիների ստացած բերքը առատ էր: Սակայն նախարարը լռում է այն մասին, որ գրանցված աճը նույնպիսի հաջողությամբ ուղղակի «ջուրը լցվեց»: 15 տոկոս ավել արտադրված գյուղմթերքը մեծամասնությամբ փչացավ և հայտնվեց աղբանոցում: Ո՞ւմ է պետք գրանցված աճը, երբ այն միայն վնասներ պատճառեց գյուղացուն:

Գյուղացու աշխատանքի շնորհիվ ստացված թիվը՝ 15 տոկոս աճը, Սերգո Կարապետյանը այժմ ներկայացնում է որպես նախարարության ձեռքբերում և հպարտանում դրանով, իսկ գյուղացին մտածում է, թե ինչպես է այս ձմռանը տաքացնելու սեփական օջախը

Գյուղատնտեսության նախարարության անկազմակերպ և անպատասխանատու աշխատանքի հետևանքով բազմաթիվ գյուղացիներ կրեցին հսկայական վնասներ: Իսկ այն պնդմանը ի պատասխան, թե իբր գյուղատնտեսության նախարարությունը չունի համապատասխան լծակներ, ոլորտը արդյունավետ կառավարելու համար, ապա ավելի նպատակահարմար չէ արդյո՞ք հրաժարվել այս նախարարությունից և ստեղծել մի կառույց, մարմին կամ ենթակառուցվածք, որը զբաղված կլինի գյուղացիների կողմից արտադրած բերքի համապատասխան իրացման շուկաներ գտնելով: