Եվ ցնցվեց հողը, և փլուզվեց աշխարհը, և խանձվածքի ու փոշու ժանտահոտ ամպերը երկինք բարձրացան, և ով կանգնած էր՝ պառկեց, իսկ ով պառկած էր՝ այդպես էլ մնաց պառկած, և ով խոսում էր՝ լռեց:
Եվ եղած երեխաները, և նախկին երեխաները, և ապագայի երեխաները որբացրին երկիրը՝ թողնելով նրան անժառանգ, և հողը ընդունեց նրանց:
Եվ ով իրեն կացարան էր շինել ավազից ու ջրից, գերեզմաններ էր շինել իր և մյուսների համար և դրանք անվանել էր քաղաքներ, և ընկան այդ քաղաքներն ինչպես կեղծիք փորձության Խոսքի առաջ, և կեղծիքի մեջ անմեղները խառնվեցին նրանց, ով չէր զգում իր մեղքն այնպես, ինչպես ողջերն էին զգում, և հազար-հազարները սրտով որբացան հազար-հազարների զոհվելու համար:
Եվ լույսը մեռավ, և կրակների ու հրդեհների մեջ թափառում էին մարդիկ, և իրենք իրենց էին փնտրում աղետից փրկվածների մեջ ու չէին գտնում:
Եվ ամեն բան շարժվում ու խառնվում էր, և միայն հավերժ կենդանի մեռելների արձաններն անսասան կանգնել էին անկենդան ողջերի մեջ, որոնք խնդրում էին ոչ թե հաց, այլ դագաղ, իսկ մենք նրանց հաց էինք պարզում:
Եվ շատ տեղերից շատերը եկան ձեռքերով վիշտը կիսելու, և նրանց ձեռքերը հոգնություն չգիտեին, և ոմանք գողերի հետ եկան, և նրանք մարդիկ չէին:
Եվ ամեն ինչ եղավ այդպես:
Եվ ողջերը փնտրում էին իրենց մերձավորներին փոշիներում թաղվածների մեջ և գտնելով հանգստանում էին լուռ, և դա աղաղակից ավելի սարսափելի էր:
Եվ քայլում էին տառապյալ հին հողի վրա ու հարցնում էին՝ ինչի՞ համար:
Եվ ես հարցնել եմ ուզում.
Ի՞նչ մեղք էր գործել ութսունամյա գյուղացի Ազնիվ Մկրտչյանը, որ թույլ տվեցիր զոհվելու նրա դստերն ու որդուն, և հարսին, և երեք թոռներին: Դու այդպես դաժանաբա՞ր պատժեցիր նրան՝ կենդանի թողնելով այս հողի վրա:
Ներիր նրան, Տեր, ներիր նրան:
ՅՈՒՐԻ ՌՈՍՏ

Hovik Charkhchyan