Հասարակության կողմից ամենաշահարկվող և մասսայական տարածում ստացած քաղաքական գործընթացը, իհարկե, ընտրությունն է: Մարդը բնության այլ էակներից տարբերվում է ընտրելու հնարավորությամբ: Ժողովրդական այս գործընթացի վերաբերյալ արժե փաստել հետևյալ հղումները:

Ընտրությունը, իշխանության ներկայացուցչական, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու հիմնարկությունների ղեկավար մարմիններ ընտրելու համար սահմանված ընթացակարգ է: Ընտրությունները կատարվում են փակ (գաղտնի) կամ բաց քվեարկությամբ: Պառլամենտի և ՏԻՄ ընտրությունները կատարվում են ինքնաառաջադրմամբ կամ կուսակցությունների կողմից թեկնածություններ առաջադրելով:
Ընտրությունները, ըստ իրականացման եղանակների, լինում են՝ համամասնական և մեծամասնական: Համամասնական ընտրակարգով քվեարկությամբ որոշվում են կուսակցությունների վարկանիշները, որոնց համապատասխան էլ բաշխվում են, օրինակ, խորհրդարանական տեղերը: Այդ եղանակով խորհրդարան են մտնում միայն այն ուժերը, որոնք հաղթահարում են օրենքով սահմանված շեմը: Մեծամասնական ընտրություններում ընտրողները քվեարկում են որոշակի անձանց համար. ընտրվում է միայն ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն:

Ընտրական հանձնաժողովների աշխատանքը հսկելու նպատակով վերջին տարիներին իրականացվում է նաև հարցում՝ ելքի հարցախույզ (էկզիտ-պոլ). արձանագրում և համեմատում են ընտրողների կատարած ընտրության և ընտրական հանձնաժողովի ներկայացրած արդյունքները:

Այն անձանց շրջանակը, որոնց սահմանադրությունը և ընտրական օրենքները օժտում են ընտրական իրավունքով, սահմանափակվում են այսպես կոչված ընտրական ցենզերով, այսինքն՝ հատուկ պայմաններով, որով քաղաքացիները հնարավորություն են ստանում իրականացնել իրենց այս կամ այն քաղաքական իրավունքը: Գոյությու ունեն մի քանի ցենզեր.

Տարիքային ցենզը քաղաքացու ընտրական իրավունքի ճանաչումն է որոշակի տարիք լրանալուց հետո: Օրինակ, Իտալիայի նախագահ կարելի է դառնալ 50 տարին լրանալուց հետո: Ժողովրդավարական երկրներում պետական պաշտոններում ընտրվելու և դրանց կազմում մնալու վերին տարիքային շեմ չի սահմանվում:

Նստակյացության ցենզը ենթադրում է, որ տվյալ անձի համար ընտրական իրավունք է սահմանվում նրանից հետո, երբ ինքը այդ երկրում կամ տեղամասում կապրի որոշակի ժամանակ:

Քաղաքացիության ցենզով բնորոշվում է, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ստանում են այն անձինք, ովքեր տվյալ երկրի քաղաքացի են հանդիսացել սահմանված ժամկետից ոչ քիչ: Օրինակ, ըստ ԱՄՆ-ի սահմանադրության` ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ կարող է ընտրվել այն անձը, ով ԱՄՆ քաղաքացի է հանդիսանում 7 տարուց ոչ պակաս, իսկ սենատոր՝ 9 տարուց ոչ պակաս:
Գրագիտության և կրթական ցենզը ենթադրում է ընտրություններին մասնակցելու թույլտվություն միայն այն մարդկանց, ովքեր ունեն պահանջվող որոշակի կրթական մակարդակ: Ներկայումս այն գրեթե չի հանդիպում: Օրինակ, համաձայն Բրազիլիայի սահմանադրության` անգրագետները չեն կարող ընտրվել:

Կարողության ցենզը ենթադրում է, որ ընտրողը ունենա ոչ պակաս միջոցներ, որը նախատեսված է կամ նա պետք է վճարի որոշակի քանակի հարկեր: Հարկ է նշել, որ 20-րդ դարում այս ցենզը գրեթե բոլոր երկրներում հանվել է:

Ըստ բարոյական ցենզի` ընտրողների նկատմամբ սահմանվում են որոշակի բարոյական պահանջներ: Օրինակ, Իսլանդիայում ընտրողից պահանջում են, որ նա արժանի կենսակերպ վարի և բարոյական վարք ունենա, իսկ Մեքսիկայում չեն քվեարկում այն մարդիկ, որոնք չարաշահում են թմրանյութերը, Նիդեռլանդներում նրանք, ովքեր զրկված են ծնողական իրավունքներից և այլն:

Կրոնական ցենզը ենթադրում է, որ անձը լինի որոշակի կրոնի հետևորդ: Օրինակ, Իրանի պառլամենտի անդամ կարող են ընտրվել միայն իսլամ դավանող քաղաքացիները:
Սեռական ցենզը ենթադրում է կանանց մասնակցության արգելում ընտրություններին: Մինչև 19-րդ դարի վերջը այն գոյություն ուներ գրեթե բոլոր երկրներում, այժմ արգելված է բոլոր երկրներում:

Գոյություն է ունեցել ռասսայական ցենզ, որը ներկայումս գոյություն չունի:

Արմեն Հովասափյան