«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նոր Սահմանադրությունը, որը դեկտեմբերի 6-ին հանրաքվեի էր դրվել, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին: Ինչու, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ ոչ-ի ճակատին, իսկ ավելի կոնկրետ՝ ՀԱԿ խմբակցությանը չի հաջողվի անհրաժեշտ թվով՝ 27 պատգամավորների ստորագրություն հավաքել` ՀՀ Սահմանադրական դատարան բողոք ներկայացնելու համար: Երեկվա դրությամբ ՀԱԿ նախաձեռնությանը միացել էին 11 պատգամավորներ՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լևոն Դոխոլյանը և Ստեփան Դեմիրճյանը: Փաստացի բոլոր այն պատգամավորները, որոնք սահմադրական փոփոխություններին խորհրդարանում դեմ էին քվեարկել, բացառությամբ Հրանտ Բագրատյանի, ՍԴ դիմումի տակ ստորագրել են: Ի դեպ, Բագրատյանը երկուշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցում:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ինն անդամներն այս անգամ պարտադրված չեն լինի իրենց ստորագրությամբ ընտրակեղծիքները վավերացնել: Եվ այս իրավիճակում ամենաշատը կշահի ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Եթե հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկվեին, ապա նա ստիպված կլիներ, որպես փաստաթղթի համահեղինակ, ինքնաբացարկ ներկայացնել:

Այսպիսով, եթե հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում չեն բողոքարկվում, ապա համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի 36-րդ հոդվածի՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը հրապարակելուց հետո` ութերորդ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 21-ին, սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է հրապարակվի «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» և հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 22-ից, այն ուժի մեջ կմտնի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: