Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում քիչ առաջ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն և REMA հիվանդանոց) հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով և խնամելով որբերին ու փախստականներին։

Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ Մարգարիտ Բարանկիցեն ասաց. «Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որևէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»։

Որպես «Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեին շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու և երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) և Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

«Ես ընտրել եմ այս կազմակերպությունները, որովհետև նրանք աջակցում են ինձ և երբեք չեն լքում՝ նույնիսկ դժվարին ժամանակներում: Նրանք նույն սկզբունքն ունեն, ինչ ես և Մեզոն Շալոմը՝ կարեկցանք, բարյացակամություն, արժանապատվություն և մեծահոգություն»,- ասաց Բարանկիցեն:

«Մարգարիտ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող հալածանքների և անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ,- ասաց Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին և շարունակեց,- տեսնելով Մարգարիտ Բարանկիցեի խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են և ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»:

Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Հյուրերը մեծարանքի են արժանացրել նաև մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիմային (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) և Հայր Բերնարդ Կինվիին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։ Նրանք 25.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կստանան՝ ուղղելու այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա են եղել նաև մարդասիրության ասպարեզի առաջատարներ և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին և Վարդան Գրեգորյանը։

«Մրցանակի ընտրական փուլում մենք առնչվեցինք մարդկային ոգու տոկունության բացառիկ դրվագների և ծանոթացանք մեծ թվով ոգեշնչող անհատականությունների, որոնք հենց այս պահին աշխարհում ինչ-որ մի տեղ լրջագույն գործ են կատարում»,– ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Մենք հպարտ ենք, որ պատիվ ենք ունեցել ճանաչման արժանացնելու Մարգարիտ Բարանկիցեին և աջակցելու անձամբ նրա կատարած մեծարժեք գործին։ Իր գործունեությամբ նա գալիս է ապացուցելու, թե ինչ հսկայական ազդեցություն կարող է ունենալ անհատը բազմաթիվ մարդկանց կյանքում»։