Ընտրական նոր օրենսգրքի շուրջ կոնսենսուս դեռևս չի ձևավորվել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողների երեկվա հայտարարությանը՝ շարունակելու քննարկումները նոր Ընտրական օրենսգրքի շուրջ և փոխհամաձայնության գալու՝ հնարավորինս լայն կոնսենսուս ապահովելու համար:

«Ամենևին այնպես չէ որ ճանապարհները փակ են, որևէ քննարկման տեղ չունենք: Կարծում եմ, որ քննարկումները դեռ կշարունակվեն»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Հարցին՝ երրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո դեռ կարո՞ղ են շարունակվել «4+4+4» քննարկումները, նախարարը դժվարացավ կանխատեսել, թե ինչ անուն կունենա ԸՕ շուրջ շարունակվող բանակցությունը:

«Քննարկումներն ընդդիմադիր գործիչների հետ կան ու շարունակվելու են: Մենք բազում ծանրակշիռ առաջարկություններ, որոնք արվել էր ընդդիմության կողմից, ընդունել ենք, ընդգրկել օրենսգրքում: Օրինակ, ցուցակներին ծանոթանալու առաջարկը»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ միաժամանակ նշելով, որ ԱԺ-ում երրորդ ընթերցման ներկայացվող փաստաթուղթն, ըստ էության, ավարտված է, վերջնական:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե կոնսենսուս տեղի չունենա, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն այսպես պատասխանեց. «Կոնսենսուսն ունի որոշակի սահման: 98 ձայնով ընդունված օրենսգիրքն արդեն խոսում է որոշակի լայն կոնսենսուսի մասին: Կուզենայինք, որ կոնսենսուսը լինի ավելի լայն՝ վստահության բարձրացման համար»: